ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

Ինչու Լևոն Տեր-Պետրոսյանն այլևս իշխանություն չի լինի

Ինչու Լևոն Տեր-Պետրոսյանն այլևս իշխանություն չի լինի
17.02.2015 | 22:39

Որքան մոտենում է Արցախյան շարժման հերթական տարելիցը, այնքան ժամանակները սկսում են նմանվել: Հիշում եք, չէ՞, 1988-ից սկսած համարյա մի տասնամյակ նամակագրության մեր ազգային համաճարակը՝ գրում էին, բոլորը բոլորին գրում էին, օրվա մեջ տասն անգամ հանդիպում էին, գնում էին տուն՝ միմյանց նամակ գրելու: Բայց սկզբում ավելի շատ նամակներ էին գրում Գորբաչովին՝ կոլեկտիվներով, միություններով, առանձին-առանձին, պատվի գործ էր, հայրենասիրության փաստ, քայլ՝ դեպի հաղթանակ: Ինչ միամիտ էինք բոլորս: Լևոն Տեր-Պետրոսյանի նամակը կարդալիս աչքիս առաջ այն ժամանակի թերթերն էին՝ պարտադիր նամակներով: Հուզիչ, զայրացած, սեփական ճշմարտության աներկբա հավատով ու… Անցան այդ ժամանակները: Զորի Բալայանի նամակը ատավիզմ էր, որ ատավիզմի ճակատագրի էլ արժանացավ:

Ինչո՞ւ է նամակ գրել Լևոն Տեր-Պետրոսյանը: ՈՒ՝ Սերժ Սարգսյանին: Նամակի դետեկտիվ նախաբանը մի կողմ, մի կողմ նաև «խորհրդապահական խողովակի» գոյությունը բացահայտելը, «աջից ու ձախից բարձրացվելիք վայնասունը» ևս, առաջին նախագահը առաջարկում է համագործակցություն երրորդ նախագահի հետ «համազգային և համապետական նշանակություն ունեցող կարևորագույն խնդրում»՝ 100-րդ տարելիցի առթիվ Հայոց ցեղասպանության հարցը միջազգային ասպարեզում հավուր պատշաճի ներկայացնելու, որ «վեր պետք է լինի ներքաղաքական հարաբերությունների ցանկացած նկատառումից»։
Չէ, հարկավ, սքանչելի նախաձեռնություն է, անվրեպ ու անխոտելի, բայց Լևոն Տեր-Պետրոսյանը, ժամանակի սուր զգացողությամբ հանդերձ՝ փորձում է ժամանակից վեր լինել ու օրվա խնդիրները շրջանցելով՝ հարաբերվել համազգային ճշմարտությունների հարատևության հետ: Նույնպես սքանչելի է: «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիը» «խայտառակ» որակելուց հետո՝ նաև տրամաբանական: Անգամ գործնական՝
խորհրդակցական հանձնաժողով ստեղծելու առաջարկով: ՈՒ հենց այս կետում ավարտվում է Լևոն Տեր-Պետրոսյանի բաց նամակի իմաստը ու սկսվում է քաղաքականությունը՝ անկախ իրենից: Գրեթե ինքնաբերաբար, ու անխուսափելիորեն դառնում է զվարճալի, երբ առաջին նախագահը առաջարկում է խորհրդակցական հանձնաժողովի կազմը՝ Հայաստանից: Միանգամից հասկանում ես՝ ինչո՞ւ Լևոն Տեր-Պետրոսյանը չի կարողանում իշխանության գալ, ո՞ւմ վրա է կառուցում մտավոր ներուժի ու կատարյալ ապագայի իր ամրոցը: Պատիվ չունենալով սփյուռքաբնակ անձանց ծանոթ լինել ու գնահատել, հայաստանաբնակ նրա թեկնածուների անունները ասում են ամեն ինչ (բացառյալ Վանո Սիրադեղյանի, Ռուբեն Շուգարյանի, Ալեքսանդր Արզումանյանի, որ հազիվ թե համաձայնեն այդ հանձնաժողովի մաս դառնալ): Լևոն Տեր-Պետրոսյանը ասպարեզ է նետում իր լավագույն ժամանակների մատյան գունդը՝ չնկատելով, որ 21-րդ դարն է ու այլևս հնարավոր չէ անցյալով ապագա կառուցել:
Կարձագանքի՞ Սերժ Սարգսյանը հրապարակավ, թե՞ կօգտագործի «խորհրդապահական խողովակը»՝ հարցի մի կողմն է: Մյուս կողմում իրավիճակի ողջ զավեշտն է՝ Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակ է նետում զոհի իր կերպարը, երբ կա Գագիկ Ծառուկյանը և բացահայտորեն ավելի է համապատասխանում զոհի կերպարին: Երկար-բարակ մտածելուց հետո հրապարակելով իր բաց նամակը նախագահին, լավ հասկանալով, թե «ոխերիմ բարեկամները» ինչպես կմեկնաբանեն, և այլն, և այլն, Լևոն Տեր-Պետրոսյանը սրընթաց հեռանում է ներքաղաքական խնդիրներից ու հարմար տեղավորվում «պետական ու համազգային մակարդակում», որի համեմատ «Մնացած ամեն ինչ չնչին է ու երկրորդական»։ ՈՒ ինչպե՞ս է սա կոչվում: Առավել ևս, որ ինքն է ցավ հայտնում, որ «ներկա պահին, Գագիկ Ծառուկյանի, ԲՀԿ-ի և ընդհանրապես ընդդիմության դեմ սանձազերծված քաղաքական հաշվեհարդարի ու վայրագ բռնությունների պայմաններում, բացառապես ազգի շահերից բխող իմ այս մտահղացումը հնարավոր չէ իրականացնել»։ Այսինքն՝ «Թանկագին բեռի ոչ մի փոշեհատիկ չպիտի կորչի»՝ ինչպես ասում էր Շուրա Բալագանովը, գրե՞լ եմ՝ կարդա: Լևոն Տեր-Պետրոսյանի այս հույժ անքաղաքական քայլը, սակայն, շատ քաղաքական պատկեր է պարզում.
1. Հանդիպենք, իսկ ինչ կխոսենք՝ կխոսենք, իշխանափոխությունը կսպասի:
2. Լևոն Տեր-Պետրոսյանը բախտի քմահաճույքին հանձնեց Գագիկ Ծառուկյանին՝ խեղդվողների փրկության գործը խեղդվողների գործն է:
3. Լևոն Տեր-Պետրոսյանը համաձայնության չեկավ Ռոբերտ Քոչարյանի հետ:
4. Արտահերթ ընտրական գործընթացները բացառելով՝ Լևոն Տեր-Պետրոսյանը պատրաստվում է հերթական ընտրությունների:
5.Կորցնելով Գագիկ Ծառուկյանին և չգտնելով Ռոբերտ Քոչարյանին՝ Լևոն Տեր-Պետրոսյանը որոնում է Սերժ Սարգսյանին՝ նրան առաջարկելով իր և ՀԱԿ-ի ընդդիմադիր ռեսուրսը:
6.Լևոն Տեր-Պետրոսյանը փորձում է իր ձեռքի տակ պահել նաև սփյուռքի ռեսուրսը՝ առաջարկելով նրանց պետականորեն ներգրավել Հայաստանի քաղաքական կյանքում:
7.Լևոն Տեր-Պետրոսյանն այլևս երբեք իշխանություն չի լինի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իսկ Գագիկ Ծառուկյանին ու Սերժ Սարգսյանին հանդիպեցրեց ՀՅԴ-ն, ու դա ևս հօգուտ առաջին նախագահի չէ:

Դիտվել է՝ 1540

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ